Փետրվարի 14

Տեառնընդառաջ

Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է փետրվարի 14-ին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո;
   Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14- ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ այդ օրը հռչակվել է նաեւ ընտանիքի տոն։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը։

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տյառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:


Posted 14 Փետրվարի, 2023 by sonablog in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*