Սևանա լիճ
Լայնություն` 56 կմ
Մակերես ` 1243 կմ2
Ծավալ` 33.2 կմ3
Ամենամեծ խորություն` 100 մ
Միջին խորություն` 30 մ
Թափանցելիություն` 4.5 մ
Ավազանի մակերես` 3647 կմ2
Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։
Ավանդազրույցներ
Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:
Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:
Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․
- Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։